Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Ավետիք Իսահակյանի մասին

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: